|
|
 |
21 դեկտեմբերի 2009թ. _Ծաղկաձորի_խորհրդաժողով |
 |
 |
 |
 |
«Գենդերային հավասարության հասնելու հեռանկարները Հայաստանում. քաղաքական և իրավական հայեցակետերը» միջազգային խորհրդաժողով Երևան, 21 դեկտեմբերի 2009թ. Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը բացվեց «Գենդերային հավասարության հասնելու հեռանկարները Հայաստանում. քաղաքական և իրավական հայեցակետերը» եռօրյա միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպվել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Բաց հասարակության ինստիտուտ-Հայաստանի աջակցության հիմնադրամի համատեղ ջանքերով:
Խորհրդաժողովն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանու ներքո:
Միջոցառման մասնակիցների քննարկմանը կներկայացվեն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգի նախագիծը և իրականացման ռազմավարությունը, ինչպես նաև զեկուցումներ գենդերային հավասարության վերաբերյալ ՄԱԿ-ի ռազմավարության և եվրոպական կառույցների քաղաքականության մասին:
Խորհրդաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ տկն. Արևիկ Պետրոսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար տկն. Լեյլի Մոշիրին, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ տկն. Ջեմմա Հասրաթյանը:
Ողջունելով հյուրերին` տկն. Լեյլի Մոշիրին ասաց. «Չնայած հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների սկզբունքն իր ուրույն տեղն է զբաղեցնում միջազգային բոլոր կարևորագույն փաստաթղթերում, այնուամենայնիվ, դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու` ապահովելու այս սկզբունքի պատշաճ կիրառումն իրական կյանքում: Խնդիրն արդիական է ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Գենդերային կարծրատիպերը, ներընտանեկան բռնությունը և խտրականությունը դեռևս չլուծված խնդիրներ են, իսկ կանայք շարունակում են սակավ մասնակցություն ունենալ կառավարության բոլոր մակարդակներում և ճյուղերում կարևորագույն որոշումների կայացման հարցում»:
Տկն. Մոշիրին նաև ընդգծեց. «Մենք` ՄԱԿ-ի ընտանիքը, սատար ենք կանգնում Ազգային ժողովին, ՀՀ կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` գենդերային հավասարությանը հասնելու հարցում: Այդ աշխատանքը բոլորիս պարտականությունն է, և ՄԱԿ-ի գործակալությունների, Ազգային ժողովի, ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության համատեղ նախաձեռնություններն այդ խնդրին ուղղված ջանքերի ցայտուն ապացույցներն են»:
Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կառավարության, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գիտնականներ, փորձագետներ և հասարակական գործիչներ Հայաստանից և ԱՊՀ այլ երկրներից: |
 |
| |