2009 թ. հոկտեմբերի 31-ին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան «Կանանց շարժումը հազարամյակների խաչմերուկում. նոր մարտահրավերներ և ռազմավարություն» ծրագրի շրջանակներում Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության աջակցությամբ անցկացրեց «Կանանց նկատմամբ խտրականության հաղթահարումը որպես քաղաքական հիմնախնդիր և ժողովրդավարական հասարակության նախադրյալ» համաժողովը, որին մասնակցեցին Ասոցիացիայի մասնաճյուղերի ղեկավարներ, այլ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին. ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ արիսա Ալավերդյանը եւ Ռուզաննա Առաքելյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը, պատգամավոր Կարինե Աճեմյանը: ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի, ՀՀ արտաքին գործերի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթությքան եւ գիտության, առողջապահության, մշակույթի նախարարությունների ղեկավար եւ պատասխանատու աշխատողներ:
Համաժողովում քննարկվեց երկու հիմնախնդիր.
«Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման ընթացքը Հայաստանում. Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտողությունները Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ եւ հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման առաջնահերթությունները» հիմնախնդրի քննարկման ընթացքում լսվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ» ՀՀ երրորդ և չորրորդ միացյալ զեկույցների պաշտպանությունը կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեի 43-րդ նստաշրջանում և կոմիտեի ներկայացրած դիտողությունները», Ասոցիացիայի փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Զաքարյանի «Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեի` Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ զեկույցների վերաբերյալ դիտողությունների կատարման համեմատական վերլուծությունը» եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի «Քաղաքական կուսակցությունների կանանց խորհուրդների դերը «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ» ՀՀ երրորդ և չորրորդ միացյալ զեկույցի դիտողությունների կատարման ուղղությամբ» զեկուցումները:
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի առաջնահերթ խնդիրները Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեի 43-րդ նստաշրջանում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ» ՀՀ 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտողությունների իրականացման ուղղությամբ» հիմնախնդրի շրջանակում լսվեցին Ասոցիացիայի Ժողովրդավարության և խաղաղության կենտրոնի փորձագետ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վլադիմիր Օսիպովի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան` որպես գենդերային հավասարության հասնելու կարևորագույն գործիք» եւ Ասոցիացիայի վարչության անդամ, «Պրոմեդիա-Գենդեր» ՀԿ-ի նախագահ, «Նովոյե վրեմյա» թերթի քաղաքական մեկնաբան Թամարա Հովնաթանյանի «Կանանց քաղաքական մասնակցությունը խտրական գործելակերպի և սոցիալ-մշակութային կարծրատիպերի հաղթահարման համատեքստում» զեկուցումները:
Զեկուցումների շուրջ ծավալված գործնական եւ շահագրգիռ մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողները, վերլուծելով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում ձեւավորված գենդերային անհավասարակշռությունը եւ կանանց նկատմամբ դրսեւորվող խտրականությունը, առաջարկություններ արեցին դրանց հաղթահարման ուղղությամբ:
Համաժողովի մասնակիցները հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության 2008-2012 թթ. ծրագրի «Սոցիալական ապահովություն» բաժնում որպես առաջնահերթություն նշված է, որ «հասարակության համախմբման ձեռքբերման, սոցիալական պետության կառուցման և սոցիալական արդարության արմատավորման նպատակով …. կառավարության քաղաքականությունն ուղղված է իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում», նկատի ունենալով, Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետության եվրոպական միության գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկում նախատեսված է շարունակել գենդերային հավասարության մասին իրավական ակտերի լրամշակման և կատարելագործման գործընթացը, նկատի ունենալով, որ երկրում չեն ձեռնարկվում գործուն միջոցներ օրենսդիր և գործադիր իշխանության որոշումների ընդունման մակարդակում կանանց և տղամարդկանց զուգակշռված մասնակցության պայմանների ապահովման ուղղությամբ, որոնք բխում են 1993 թ. հունիսին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից վավերացված Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի և 2007 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի տառից ու ոգուց,
Համաժողովի մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ անհրաժեշտ է` ՀՀ կառավարությունը` մշակի և հաստատի Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեի 43-րդ նստաշրջանւմ սույն թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ միացյալ զեկույցի վերաբերյալ կոմիտեի եզրափակիչ դիտողությունների իրականացմանն ուղղված միջոցառումներ, Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետության եվրոպական միության գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թթ. միջոցառումների ցանկի համաձայն սահմանված ժամկետներում` 2009 թվականին հաստատի «Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության հայեցակարգը և իրականացման ռազմավարությունը», ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Միաժամանակ մասնակիցները որոշեցին, որ ՀՀ կառավարությունը պետք է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնի առաջարկություն ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ գլխի 100-րդ հոդվածի 2-րդ կետում հետևյալ փոփոխությունները կատարելու մասին. «Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացված ընտրական ցուցակում քաղաքական կուսակցությունը պարտավոր է հաշվի առնել մի սեռի 70%-ից ոչ ավելի ներկայացուցչությունը, ընդ որում քաղաքական կուսակցությունների առաջադրած կին և տղամարդ թեկնածուների հաջորդականության տարբերությունը չպետք է գերազանցի երեք տեղը: Ցուցակից կնոջ թեկնածությունը հանելու կամ պատգամավորական մանդատից կնոջ հրաժարվելու դեպքում նրա տեղը զբաղեցնում է ցուցակում ընդգրկված հաջորդ կինը»:
|