|
|
 |
2009 թ. հունվարի 19-23-ը ԿՆԽՎԿ/CEDAW կոմիտեի 43-րդ նստաշրջանին մասնակցության և Ասոցիացիայի կազմած այլընտրանքային զեկույցի ներկայացման մասին |
 |
 |
 |
 |
2002-2007 թթ. ժամանակահատվածում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական հաշվետվությունները քննարկող ԿՆԽՎԿ/CEDAW կոմիտեի 43-րդ նստաշրջանին մասնակցության և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կազմած այլընտրանքային զեկույցի ներկայացման մասին
2009 թվականի հունվարի 19-ից մինչև 23-ը CEDAW կոմիտեի 43-րդ նստաշրջանի առաջին նիստում քննարկվել են 2002-2007 թթ. ժամանակահատվածում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական հաշվետվությունները: Նստաշրջանի շրջանակներում նախատեսված էր նաև Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի պատրաստած այլընտանքային զեկույցի քննարկումը: Ասոցիացիայի ներկայացուցիչները, այլընտրանքային զեկույցի հեղինակներ` Ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը` ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ, Ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանը և Գենդերային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վլադիմիր Օսիպովը` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ հնարավորություն ունեցան կառավարության զեկույցի քննարկման ընթացքում մասնակցելու կոմիտեի 43-րդ նստաշրջանին և ներկայացնելու Ասոցիացիայի զեկույցը:
1. Այլընտրանքային զեկույցի մշակման արդիականությունը և պատրաստման սկզբունքները
Նախաձեռնելով այլընտրանքային զեկույցի մշակումը` Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ելնում էր հետևյալ հանգամանքներից. - Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (ԿՆԽՎԿ/CEDAW) համալիր փաստաթուղթ է, որն արտացոլում է ՄԱԿ-ի բազմամյա ջանքերը կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային իրավական չափորոշիչների համակարգման ուղղությամբ, - վավերացնելով կոնվենցիան` Հայաստանը ստանձնել է պարտավորություններ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և դրանց իրացման համար հավասար հնարավորությունների ապահովման, գենդերային կարծրատիպերի հաղթահարման, տղամարդկանց և կանանց վարքի սոցիալական ու մշակութային մոդելների փոփոխման ուղղությամբ, - հանրապետությունում շարունակվում է խտրականությունը կանանց նկատմամբ, հատկապես պետական կառավարման համակարգում քաղաքական մասկանցության ոլորտում և քաղաքական որոշումների կայացման մակարդակում:
Ասոցիացիան իր առջև խնդիր էր դրել իրականացնել մի շարք առանցքային ոլորտների և պարտավորությունների ուղղությամբ կոնվենցիայի կատարման անկախ գնահատում, վեր հանել երկրում կոնվենցիայի իրականացումը խոչընդոտող հիմնախնդիրները, ինչպես նաև բացահայտել դրանց լուծման հնարավոր ուղիները կառավարությանը և պատասխանատու այլ կառույցներին հասցեագրված երաշխավորությունների տեսքով:
Ասոցիացիայի` Հայաստանում ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին այլընտրանքային զեկույց պատրաստելու նախաձեռնությունը ստացավ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (Վարշավա) աջակցությունը և իրականացվեց «Գենդերային գիտելիքները` որպես ժողովրդավարական մշակույթի և իրավագիտակցության ձևավորման նախադրյալ» ծրագրի շրջանակներում:
Զեկույցը պատրաստելիս Ասոցիացիայի փորձագետները ուղենիշ են ունեցել առաջին և երկրորդ պարբերական հաշվետվությունների առնչությամբ CEDAW կոմիտեի երաշխավորությունները Հայաստանի կառավարությանը, որոնցում մտահոգություն է արտահայտվել, մասնավորապես, հետևյալի կապակցությամբ. - քաղաքական կառույցներում կանանց ցածր ներկայացվածությունը և քաղաքականության մեջ կանանց մասնակցության բարձրացմանն ուղղված ժամանակավոր հատուկ միջոցների բացակայությունը, - գործազրկության բարձր մակարդակը և զբաղվածության ոլորտում խտրական գործելակերպը, - հասարակության մեջ գենդերային կարծրատիպերի տարածվածությունը, - ընտանեկան բռնության տարածման և ազգային օրենսդրությունում բռնության վերաբերյալ հատուկ դրույթների բացակայությունը, թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի համապարփակ ռազմավարության բացակայությունը, - պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև կոնվենցիայի իրագործման ուղղությամբ սահմանափակ համագործակցությունը:
Զեկույցի պատրաստման ընթացքում անցկացվել են ֆոկուս խմբեր և մի շարք հանդիպումներ հասարակական և քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ակտիվիստների հետ, վերլուծվել են Ազգային վիճակագրական ծառայության և Քաղաքացիական ծառայության խորհրդի տվյալները:
Զեկույցը պատրաստելիս փորձագետներն օգտագործել են Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Գենդերային հետազոտությունների կենտրոնի և Ժողովրդավարության և խաղաղության կենտրոնի 2002-2007 թթ. ընթացքում անցկացրած հետազոտությունների և սոցիոլոգիական հարցումների նյութերը, ինչպես նաև նույն ժամանակահատվածում միջազգային և հանրապետության այլ հասարակական կազմակերպությունների իրականացրած մի շարք հետազոտությունների և սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Զեկույցի պատրաստումն իրականացվել է CEDAW կոմիտեի ղեկավար սկզբունքների և այլընտրանքային զեկույց կազմելու հատուկ ուղեցույցների հիման վրա: Հոդված առ հոդված վերլուծվել են հետևյալ հիմնախնդրային ոլորտները. - Հայաստանում գենդերային հավասարության իրավական հիմքերը և իրական գործելակերպը. - Ազգային մեխանիզմի ստեղծման հիմնախնդիրները. - Դրական խտրականության կիրառման հնարավորությունները. - Գենդերային կարծրատիպերի հաղթահարման հիմնախնդիրը. - Թրաֆիքինգը, կանանց առևտուրը. - Կանանց քաղաքացիական և քաղաքական մասնակցությունը. - Խտրական գործելակերպը կրթության և առողջապահության ոլորտներում. - Կանանց զբաղվածությունը, խտրականությունը աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում. - Գյուղի կանանց հիմնախնդիրները:
Առավել մանրակրիկիտ վերլուծություն է ներկայացվել երկու համակարգաստեղծ հիմնախնդիրների ուղղությամբ. 1) ազգային մեխանիզմը` որպես kոնվենցիայի իրագործման հսկողությունն իրականացնելու և պետական քաղաքականության մեջ գենդերային չափումը ներդրնելու անհրաժեշտ և պարտադիր պայման, 2) կանանց քաղաքական մասնակցությունը` որպես իշխանության մեջ քաղաքական որոշումների կայացման մակարդակում նրանց ցածր ներկայացվածության հիմնախնդիր, որը նվազագույնի է հասցնում կանանց` պետական քաղաքականության վրա ներազդելու հնարավորությունները և դրա հետևանքով նախադրյալներ է ստեղծում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում խտրական գործելակերպի ամրապնդման համար:
Իրավիճակը գնահատելիս հաշվի են առնվել հասարակական ֆորմացիայի կտրուկ փոփոխման սոցիալական հետևանքները, Հայաստանի զարգացման անցումային փուլի առանձնահատկությունները` դրա դժվար հաղթահարելի սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներով հանդերձ, որոնք հանգեցրել են գենդերային անհավասարակշռության և քաղաքականության մեջ ու որոշումների կայացման մակարդակում կանանց իրավունքների ոտնահարման, աշխատանքի շուկայում ձևավորել են խտրական գործալակերպ և գենդերային խտրազատում:
Հաշվի են առնվել առաջին և երկրորդ պարբերական զեկույցներից հետո անցած ժամանակահատվածում պետության ձեռնարկած միջոցառումները հասարակությունում կանանց դերի, քաղաքական իշխանության մակարդակում և քաղաքական որոշումների կայացման գործընթացներում նրանց ներկայացվածության բարձրացման ուղղությամբ: Վերլուծվել է, թե ինչ չափով են դե յուրե ամրագրված սահմանադրական իրավունքներն ապահովում դե ֆակտո խտրական գործելակերպի բացառումը, ինչպես նաև նպաստում քաղաքական որոշումների կայացման մակարդակում տղամարդկանց և կանանց հավասարակշռված ներկայացվածությանը, հասարակությունում սոցիալական արդարության հաստատմանը և երկրի հետագա ժողովրդավարական զարգացմանը:
2. Նախապատրաստումը մասնակցությանը CEDAW կոմիտեի 43-րդ նստաշրջանին
CEDAW կոմիտեի աշխատանքի ընթացակարգով նախատեսվում է նախքան կառավարության հաշվետվության քննարկումը լսել հասարակական կազմակերպությունների պատրաստած այլընտրանքային զեկույցները: 2007 թվականին CEDAW կոմիտեին Հայաստանից ներկայացվել է այլընտրանքային զեկույց, որը պատրաստել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան: Ըստ սահմանված կարգի` Ասոցիացիայի զեկույցը հրապարակվել է հայերեն և անգլերեն, 2007 թվականի նոյեմբերին ներկայացվել երկրի հասարակայնությանը:
CEDAW կոմիտեի 43-րդ նստաշրջանից 12 օր առաջ զեկույցը ներկայացվել է կոմիտեի էլեկտրոնային կայքում: Ի լրումն` 2008 թվականի սկզբին մեր կողմից CEDAW կոմիտե է ներկայացվել նաև «Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանի 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին: Վերլուծական ակնարկ» հետազոտության արդյունքների էլեկտրոնային տարբերակը:
Համաձայն սահմանված կարգի` 2008 թվականի հունվարի 16-ին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան էլեկտրոնային փոստով CEDAW կոմիտեի քարտուղարություն է ներկայացրել 10-րոպեանոց բանավոր հաղորդման անգլերեն և ռուսերեն տեքստերը` նիստի ժամանակ կոմիտեի անդամներին տրամադրելու համար:
3. CEDAW կոմիտերի 43-րդ նստաշրջանի առաջին նիստը
CEDAW կոմիտեի դռնբաց նիստը Ժնևում առաջին անգամ էր անցկացվում, և հունվարի 19-ին այն սկսվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ողջույնով: Ներկայացվեցին կոմիտեի` ռոտացիոն կարգով ընտրված նոր անդամները, դրան հաջորդեց կոմիտեի անդամի պարտականությունների պարտաճանաչ և սկզբունքային կատարման մասին նրանց երդման հանդիսավոր արարողությունը:
Այնուհետև տեղի ունեցավ CEDAW կոմիտեի դռնփակ նիստը, որտեղ ընտրվեց նոր նախագահ:
Նույն օրը` հունվարի 19-ին, ցերեկային նիստում սկսվեց Հայաստանի հասարակական կազմակերպությունների այլընտրանքային զեկույցների քննարկումը:
Ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի բանավոր հաղորդումով կոմիտեի անդամների ուշադրությունը հրավիրվել է հանրապետությունում կանանց նկատմամբ խտրականության առկայության հետ կապված առանցքային հիմնախնդիրների վրա, և շեշտվել են այն հարցերը, որոնք անհրաժեշտ է երաշխավորել Հայաստանի կառավարությանը խտրական գործելակերպը կանխարգելելու և փաստացի գենդերային հավասարության հասնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:
Ջեմմա Հասրաթյանի ելույթից հետո Կոմիտեի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկույցի հեղինակներին, մասնավորապես` - արդյոք Հայաստանում ստեղծվե՞լ է կանանց վիճակի բարելավման և գենդերային հավասարության առաջմղման ազգային մեխանիզմ, - իրականացվո՞ւմ է գենդերային կրթություն, և ո՞րն է դրա դերը երկրում տղամարդկանց և կանանց հավասարության հասնելու գործում, - ի՞նչ չափով են իրավապաշտպան կազմակերպությունները զբաղվում գենդերային հիմնախնդիրներով, - ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում երկրում գենդերային կարծրատիպերը հաղթահարելու և հասարակության մեջ կնոջ դերի մասին հայրիշխանական պատկերացումները փոփոխելու ուղղությամբ, - արդյոք կառավարությունն անցկացնում է CEDAW կոնվենցիայի իրականացման մոնիթորինգ, - ծանո՞թ են հասարակական կազմակերպությունները հանրապետության կառավարության զեկույցին, ինչպե՞ս է իրականացվել կառավարության զեկույցի հետ ՀԿ-ների ծանոթացման գործընթացը, - ի՞նչ չափով և ո՞ր հարցերի կապակցությամբ է Հայաստանի կառավարությունը հաշվի առել Ասոցիացիայի այլընտանքային զեկույցում վեր հանված հիմնախնդիրները, - ՀՀ Սահմանադրությունում ամրագրվա՞ծ է հոդված կանանց նկատմամբ խտրականության վերաբերյալ, - կոնվենցիայի 4-րդ հոդվածով նախատեսված ի՞նչ հատուկ միջոցներ են ընդունվել Հայաստանում, - արդյոք ազգային մեխանիզմը զբաղվո՞ւմ է կանանց վիճակով կամ գենդերային հավասարության հասնելու հիմնախնդիրներով, - ի՞նչ իրավիճակ է Հայաստանում` կապված գենդերային բռնության և թրաֆիքինգի հետ, - ձևավորվե՞լ է երկրում գենդերային բաղադրիչը կառավարության ծրագրերում և օրենսդրությունում ներմուծելու գործելակերպ, - օգտագործվո՞ւմ է դրական խտրականությունը` որպես գենդերային հավասարության հասնելու մեխանիզմ, - արտացոլվա՞ծ են գենդերային հիմնախնդիրները աշխատանքային օրենսդրությունում:
Ասոցիացիայի փորձագետները պատասխանեցին բոլոր հարցերին: Նկատի ունենալով, որ պատասխանների համար տրամադրվել էր ընդամենը 10 րոպե, պատասխանները տրվում էին հնարավորինս հակիրճ և կոնկրետ: Ասոցիացիայի փորձագետ Վլադիմիր Օսիպովը մեկնաբանեց Ասոցիացիայի տեսակետը կանանց վիճակի բարելավման ուղղությամբ ազգային մեխանիզմի բացակայության առնչությամբ, ինչպես նաև պարզաբանեց, որ Հայաստանի Սահմանադրության 14.1 հոդվածով արգելվում է խտրականությունը մի շարք հատկանիշներով, այդ թվում` սեռի հատկանիշով:
Ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանը, ներկայացնելով գենդերային կրթության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Ասոցիացիայի և ՀՀ կրթության և գիտության նախարարության համատեղ աշխատանքի փորձը, նշեց, որ գենդերային գիտելիքները նախադպրոցական, միջնակարգ և բարձրագույն կրթության համակարգում դանդաղ են ներդրվում: Երեխաների և երիտասարդության սոցիալականացման գործընթացն իրականացվում է առանց գենդերային բաղադրիչի, որի կապակցությամբ անհրաժեշտություն է զգացվում ընդլայնելու կրթական համակարգում գենդերային գիտելիքների շրջանակները:
Բազմաթիվ հարցերին տված պատասխաններում Ջեմմա Հասրաթյանը նշեց, - Իրավապաշտպան կազմակերպությունների մեծ մասը գենդերայնորեն զգայուն չէ և, որպես կանոն, չի մասնագիտանում կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, նպատակասլաց չի զբաղվում գենդերային հիմնախնդիրներով: - Չնայած CEDAW կոմիտեի երաշխավորություններին` ուղղված կառավարությանը առաջին և երկրորդ զեկույցների առնչությամբ, այս անգամ ևս չանցկացվեցին կառավարության` կոնվենցիայի իրականացման մասին CEDAW կոմիտեին ներակայացրած զեկույցի հրապարակային քննարկումներ, որի հետևանքով ոչ միայն ՀԿ-ները, ոչ միայն բնակչության լայն շրջանները, այլև պետական շատ կառույցների աշխատակիցները չծանոթացան զեկույցին: - Հանրապետությունում կոնվենցիայի իրականացման մոնիթորինգ չի անցկացվում, ինչը առաջին հերթին կանանց վիճակի բարելավման ազգային մեխանիզմի բացակայության հետևանք է: - Հանրապետության կրթության համակարգում անհրաժեշտ աշխատանք չի իրականացվում երեխաների, դեռահասների և երիտասարդության գենդերային սոցիալականացման միջոցով հայրիշխանական կարծրատիպերը հաղթահարելու ուղղությամբ: - Չեն ձեռնարկվում հատուկ միջոցառումներ գործադիր իշխանությունում գենդերային հավասարակշռության հասնելու ուղղությամբ, ինչն ամբողջությամբ կախված է իշխանական կառույցների քաղաքական կամքից: 15-տոկոսանոց գենդերային քվոտան չապահովեց խորհրդարանում կանանց փաստացի 15-տոկոսանոց ներկայացվածություն: Ներկայումս Ասոցիացիայի և ավելի քան 20 այլ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ Ազգային ժողով Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկություն է ներկայացվել, այն է` գենդերային 15-տոկոսանոց քվոտան խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ցուցակներում ավելացնել մինչև 30 տոկոս: Ընդ որում` ցուցակներում նախատեսել տղամարդկանց և կանանց այսպիսի ներկայացվածություն. յուրաքանչյուր եռյակում մյուս սեռի մեկ ներկայացուցիչ, իսկ ցուցակից կնոջ թեկնածությունը հանելու դեպքում նրան փոխարինել ցուցակի հաջորդ կնոջ թեկնածությամբ: Տվյալ փոփոխության ընդունումը մեծապես կախված է առաջատար Հանրապետական կուսակցությունից, որը ստացել է մանդատների գրեթե կեսը` 131-ից 64-ը, բայց խմբակցության կազմում ընդամենը մեկ կին է ընդգրկված: - Զանգվածային լրատվության միջոցները պատշաճ չափով չեն արտացոլում գենդերային հիմնախնդիրները և կանանց վիճակը, հաճախ ԶԼՄ-ներում վերարտադրվում են գենդերային կարծրատիպերը, և տեղ են գտնում սեքսիստական դրսևորումներ:
Հարցերին տված պատասխանների ավարտին նշվեց նաև, որ իշխանության կառույցներում կառավարության ծրագրեր կազմելիս և օրենսդրություն մշակելիս տեղի է ունեցել որոշակի տեղաշարժ` գենդերային բաղադրիչի ներդրման անհրաժեշտության ընկալման առումով, ինչը նախադրյալներ է ստեղծում գենդերային բաղադրիչը ինչպես քաղաքական գործելակերպում, այնպես էլ օրինաստեղծ աշխատանքում ներմուծելու համար: Ներկայումս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրի շրջանակներում խորհրդարանի, գործադիր իշխանության կառույցների և հասարակական կազմակերպությունների փորձագետների համատեղ խմբերի ուժերով մշակվել են «Պետական գենդերային քաղաքականության հայեցակարգի» և «Տղամարդկանց և կանանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների երաշխիքների մասին» օրենքի նախագծերը:
Ամփոփելով նստաշրջանի նիստի աշխատանքը` նախագահողը նշեց քննարկման կառուցողական բնույթը և շնորհակալություն հայտնեց հասարակական կազմակերպություններին ներկայացված զեկույցների, ինչպես նաև կոմիտեի անդամների հարցերին տված պատասխանների և մեկնաբանությունների համար:
Վերլուծելով նստաշրջանի նիստում հասարակական կազմակերպությունների զեկույցների քննարկման գործընթացը` հարկ է նշել, որ Հայաստանի ՀԿ-ների զեկույցների առնչությամբ հնչած հարցերի մեծ քանակությունը և ուղղվածությունը բացատրվում են կոմիտեի անդամների` ՀՀ կառավարության զեկույցում ներկայացված հիմնախնդիրները ճշտելու և պարզաբանելու շահագրգռությամբ, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից դրանց մեկնաբանման անհրաժեշտությամբ:
4. Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և CEDAW կոմիտեի անդամների ճաշ-ճեպազրույցը
Հունվարի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և CEDAW կոմիտեի անդամների ճաշ-ճեպազրույցը: Կոմիտեի անդամները նախատեսված տասի փոխարեն զգալիորեն ավելի մեծ թվով էին եկել ճեպազրույցի, ինչը վկայում է նրանց` նախքան կառավարության հաշվետվությունը իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ՀԿ-ների ներկայացուցիչներից ստանալու շահագրգռության մասին:
Ճեպազրույցն անցավ ակտիվ երկժամյա երկխոսության ձևաչափով: Դրա ընթացքում կոմիտեի անդամները ճշտում էին նիստի ժամանակ տված հարցերի պատասխանները` կապված, մասնավորապես, երկրում ազգային մեխանիզմի բացակայության մասին մեր պնդման, ընտանեկան բռնության և թրաֆիքինգի տարածման չափերի և դրանց կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների, հասարակության մտածելակերպի առանձնահատկությունների և տարածված կարծրատիպերի հետ, ինչպես նաև «Կանանց համահայկական միություն» ՀԿ-ի ներկայացուցչի այն ձևակերպման հետ, թե «պետությունը հոգ է տանում միայն սեփական անվտանգության մասին, ոչ թե քաղաքացիների»:
Բացի այդ, կոմիտեի անդամները հետաքրքրվում էին այնպիսի հիմնախնդիրներով, ինչպիսիք են` - խտրականության առկայությունը զբաղվածության ոլորտում և աշխատանքի շուկայում, տղամարդկանց և կանանց աշխատավարձերի հարաբերակցությունը, - քաղաքական ոլորտի որոշումների կայացման մակարդակում կանանց ցածր ներկայացվածության պատճառները, - իշխանական կառույցների և ՀԿ-ների համագործակցության գործելակերպը, - քաղաքական կուսակցությունների ծրագրերում գենդերային հիմնախնդիրների արտացոլման աստիճանը և դրանց աշխատանքը կանանց առաջմղման ուղղությամբ, - արհմիությունների դերը կանանց իրավունքների պաշտպանության գործում, - մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումների թիվը, որոնք կապված են կանանց խտրականության և նրանց իրավունքների պաշտպանության հետ :
Պատասխանելով հարցերին` մեկ անգամ ևս նշեցինք Հայաստանում Ազգային մեխանիզմի բացակայությունը, որի հետևանքով չի անցկացվում CEDAW և այլ կոնվենցիաների և համաձայնագրերի հետ կապված պարտավորությունների իրականացման մոնիթորինգ, գոյություն ունեցող ինստիտուցիոնալ մեխանիզմների համակարգումը դժվար է ընթանում, շարունակվում է սեռի հատկանիշով խտրականությունը քաղաքական որոշումների կայացման մակարդակում, լիարժեք չի իրականացվում օրենսդրության մեջ և քաղաքական գործելակերպում գենդերային բաղադրիչի ներդրման ռազմավարությունը:
Չնայած օրենսդրությունում կանանց բավական լայն իրավուքնների ամրագրմանը` իրականում տեղի է ունենում խտրականություն, որը հաճախ չի ընկալվում որպես այդպիսին հասարակության մեջ կնոջ դերի մասին արմատացած կարծրատիպային պատկերացումների պատճառով:
Ի տարբերություն օրենսդրության, որը վերջին տարիներին համապատասխանեցվել է միջազգային չափորոշիչներին, երկրում իրականացվող քաղաքականությունը, գործելակերպը և ընթացակարգերը դեռևս չեն վերանայվել` կանանց մարդու իրավունքների բնագավառում համապատասխան միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
Նշվել է, որ հանրապետությունում չեն իրականացվում գենդերային կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված ծրագրեր: ԶԼՄ-ները, որոնք պետք է լինեն ժողովրդավարության մշակույթի տարածողները, շահագրգռություն չեն դրսևորում գենդերային հավասարության գաղափարի առաջմղման և կանանց նկատմամբ խտրական գործելակերպի հաղթահարման հարցերում: Կանանց խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ների գերակայությունը չի դարձել: Գենդերային իրավահավասարության հարցերն այսօր մնում են կանանց կազմակերպությունների մենաշնորհը:
Կոմիտեի անդամների հետաքրքրությունների կենտրոնում էին «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի և «Տղամարդկանց և կանանց համար հավասար իրավունների և հավասար հնարավորությունների երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծերում արտացոլված հարցերը, ինչպես նաև դրանց պատրաստ լինելու աստիճանը և խորհրդարանում քննարկման ժամկետները:
Այս հարցին պատասխանելով` մեկնաբանել ենք, որ ՀՀ կառավարության 2008-2012 թթ. ծրագրում, որն արժանացել է ՀՀ Ազգային ժողովի հավանությանը, կառավարության գերակայությունների շարքում նշվել է «Գենդերային հավասարության նվաճումը, տղամարդկանց և կանանց համար հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը»: Այս պարտավորությունը որոշակի վստահություն է ներշնչում դրական տեղաշարժերի և նշված օրենսդրական ակտերը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու գործընթացի արագացման նախադրյալների առումով:
Անշուշտ, դա ենթադրում է նաև ՀԿ-ների կողմից իշխանական կառույցներում և խորհրդարանում իրականացվող լոբբինգի գործընթացների հետագա ակտիվացում` արագացնելու համար «Տղամարդկանց և կանանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների երաշխիքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը և կառավարության կողմից «Պետական գենդերային քաղաքականության հայեցակարգի» հաստատումը:
Ճեպազրույցի ավարտին տվյալ նստաշրջանում հաշվետվությունների քննարկման փորձագետ, Սլովենիայի ներկայացուցիչ Վիոլետա Նոյբաուերն Հայաստանի ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկեց առանձնացնել տարածաշրջանի կանանց երկու գլխավոր հիմնախնդիրները:
Որպես արդիական հիմնախնդիրներ նշվեցին. 1) աշխատատեղերի ստեղծումը և գործազրկության, այդ թվում նաև տղամարդկանց գործազրկության հաղթահարումը` որպես հիմնախնդիր, որի լուծումը հնարավորություն կտա բարելավելու կանանց սոցիալ-տնտեսական վիճակը և ակտիվացնելու նրանց մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին, 2) հետագա արտագաղթի կանխումը` որպես հնարավորություն հաղթահարելու «հեռակա» ընտանիքների ինստիտուտը, երբ ամուսինը` մեկնելով արտագնա աշխատանքի, նյութապես ապահովում է ընտանիքը, բայց խախտվում են ընտանիքի կառուցվածքը և ներընտանեկան փոխհարաբերությունները:
5. Հունվարի 23-ի նիստը` նվիրված Հայաստանի կառավարության պատվիրակության զեկույցին
Հունվարի 23-ի առավոտյան նիստում լսվել է Հայաստանի կառավարության պատվիրակության զեկույցը, որով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար պարոն Արման Կիրակոսյանը: Զեկույցի ներկայացումից հետո CEDAW կոմիտեի անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին կառավարության պատվիրակության ներկայացուցիչներին:
Կառավարության պատվիրակության կազմում էին Ձյունիկ Աղաջանյանը` ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Անի Քոչարյանը` նույն նախարարության միջազգային հարաբերությունների վարչության մարդու իրավունքների բաժնի երրորդ քարտուղար, Արմենուհի Հարությունյանը` ՀՀ արդարադատության նախարարության Եվրոինտեգրման և զարգացման բաժնի միջազգային իրավաբանական հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր մասնագետ, Արմինե Թանաշյանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց և երեխաների վարչության կանանց բաժնի պետ, Մարինե Աղաջանյանը` ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության համակարգի կանխատեսումների վարչության առաջատար մասնագետ, Գայանե Ավագյանը` ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, Նելլի Դուրյանը` ՀՀ ոստիկանության քրեական հետապնդման գլխավոր վարչության պետի տեղակալ:
Կառավարության պատվիրակության ներկայացուցիչներին ուղղված հարցերի բովանդակությունը և ուղղվածությունը ցույց տվեցին, որ կոմիտեի անդամները մանրամասն ծանոթացել էին Հայաստանի ՀԿ-ների այլընտրանքային զեկույցներին, ինչպես նաև վերլուծել էին կոմիտեի 43-րդ նստաշրջանի հունվարի 19-ի նիստի և հունվարի 22-ի ճաշ-ճեպընթացի երկխոսության ընթացքում նրանց ներկայացուցիչների կողմից բարձրացրած հիմնախնդիրները: Դրանցից առավել կարևորների կապակցությամբ հարցեր են ուղղվել կառավարության պատվիրակության անդամներին:
6. Որոշ եզրակացություններ
1) Թեև ամենաբարձր մակարդակում որոշումներ կայացնող անձինք հստակ գիտակցում են և հնչեցնում են այն գաղափարը, որ կանանց նկատմամբ խտրականության վերացումը տղամարդկանց և կանանց միջև իրական հավասարության հիմնարար սկզբունքի իրականացման նախադրյալ է, այդուհանդերձ այդ սկզբունքը կենսագործելու քաղաքական կամքը բացակայում է:
2) Երկրի` կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարման մասին զեկույցը չի ներկայացվել ո՛չ ՀՀ կառավարության էլեկտրոնային կայքում, ո՛չ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (որը համարվում է կանանց վիճակի բարելավման ազգային մեխանիզմ), ո՛չ էլ ՀՀ արտաքին գործերի նախարարության (որը համակարգում է հաշվետվության պատրաստումը) էլեկտրոնային կայքերում:
3) Չնայած CEDAW կոմիտեի երաշխավորություններին Հայաստանի նախորդ հաշվետվությունների առնչությամբ` կառավարության զեկույցը չի քննարկվել ո՛չ կառավարության մակարդակով, ո՛չ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և այլ նախարարություններում և գերատեսչություններում, որոնք կոչված են իրականացնելու կոնվենցիան: Չի եղել նաև ՀԿ-ների հետ լայն քննարկում-երկխոսություն: Մինչև այժմ ԶԼՄ-ներում չի հրապարակվել որևէ տեղեկատվություն CEDAW կոմիտեում կառավարության զեկույցի նախապատրաստման ընթացքի և ներկայացման մասին:
4) ՀԿ-ների այլընտրանքային զեկույցների անհրաժեշտությունը արդիական է այն առումով, որ դրանք ոչ միայն կոնվենցիայի իրականացման ընթացքը գնահատելու փորձ են, այլև իրավիճակի գնահատում` ըստ մի շարք առանցքային դրույթների: Ուսումնասիրված տվյալների և նյութերի վերլուծությունը, մշակած երաշխավորությունները, որոնք հասցեագրված են առաջին հերթին ՀՀ կառավարությանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և բոլոր շահագրգիռ հիմնարկներին, կարող են օգտագործվել գերակայությունները և խնդիրները հստակեցնելու համար` ավելի արդյունավետ համակարգման և համագործակցության նպատակով:
5) CEDAW կոմիտեի 43-րդ նստաշրջանում հաշվետվությունների քննարկումը մեկ անգամ ևս հաստատում է հայրիշխանական կարծրատիպերի հաղթահարման, նոր էգալիտար ժողովրդավարական գենդերային մշակույթի և գենդերային հավասարության սկզբունքի` որպես համամարդկային արժեքի ձևավորման համար ՀՀ կառավարության շարունակական, սիստեմատիկ և արդյունավետ ջանքերի, ինչպես նաև կառավարության և հասարակական կազմակերպությունների միջև սոցիալական համագործակցության հաստատման անհրաժեշտությունը:
Ջեմմա Հասրաթյան Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ |
 |
| |