Welcome
Username:

Password:


Remember me

[ ]
[ ]
[ ]
2009 թ. հունվարի 19-23-ը Ժնևում կայացել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման (CEDAW) կոմիտեի 43-րդ նստաշրջանը
2009 թվականի հունվարի 19-ից մինչև 23-ը Ժնևում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման (CEDAW) կոմիտեի 43-րդ նստաշրջանի առաջին նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական հաշվետվությունները 2002-2007 թթ. ընթացքում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:


Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի նստաշրջանի ընթացքում քննարկվել է նաև Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողնից ներկայացված այլընտրանքային զեկույցը:

2009 թ. հունվարի 19-ի առաջին նիստում համառոտ ելույթով հանդես եկավ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը: Ելույթում ներկայացվել են 2002-2007 թթ. ժամանակահատվածն ընդգրկող այլընտրանքային զեկույցում արծարծված առանցքային հիմնախնդիրները, որոնք առնչվում են, մասնավորապես, Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությանը և քաղաքական որոշումների կայացման մակարդակում կանանց ցածր ներկայացվածության խնդրին, կանանց քաղաքացիական և քաղաքական մասնակցության ակտիվացումը խոչընդոտող գենդերային կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված ծրագրերի բացակայությանը, հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարակշռության հասնելու համար ժամանակավոր հատուկ միջոցների ավելի լայն կիրառման և կանանց վիճակի բարելավման ազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությանը:

Ելույթում տրվել են գենդերային հավասարության հաստատման ոլորտում առկա խնդիրների լուծման մի շարք երաշխավորություններ: Ելույթը լսվել է հետաքրքրությամբ և առաջացրել բազմաթիվ հարցեր, որոնց սպառիչ պատասխաններ են տվել Ջեմմա Հասրաթյանը, Ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանը և Ասոցիացիայի գենդերային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վլադիմիր Օսիպովը:

2009 թ. հունվարի 22-ին տեղի է ունեցել ճաշ-ճեպազրույց Հայաստանի ՀԿ-ների ներկայացուցիչների և Կոմիտեի անդամների միջև, որի ընթացքում Կոմիտեի անդամները բազմաթիվ հարցեր են տվել` կապված երկրում գենդերային իրավիճակի, կանանց տնտեսական վիճակի, գենդերային կրթության, կանանց իրավունքների պաշտպանության, բռնության և թրաֆիքինգի, ՀԿ-ների և իշխանությունների փոխհարաբերությունների մակարդակի, կանանց վիճակի բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության ընդունած Ազգային ծրագրի իրականացման արդյունավետության հետ: Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: ՀԿ-ների ներկայացուցիչներից ստացած տեղեկատվությունը Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի անդամներին հնարավորություն է տվել նիստի ժամանակ, երբ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը ներկայացրել է կառավարության պաշտոնական զեկույցը, մի շարք հարցադրումներ անել կառավարական պատվիրակության անդամներին:

Ստորև ներկայացվում է Ջեմմա Հասրաթյանի ելույթի ամբողջական տեքստը:


Ջեմմա Հասրաթյանի ելույթը
Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անունից


Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ասոցիացիան իր առջև նպատակ էր դրել իրականացնել Կոնվենցիայի կատարման անկախ գնահատում ըստ մի շարք առանցքային ոլորտների և պարտավորությունների, բացահայտել մեր երկրում Կոնվենցիայի իրագործումը խոչընդոտող հիմնախնդիրները, ինչպես նաև նախանշել դրանց լուծման հնարավոր ուղիները կառավարությանը և այլ պատասխանատու կառույցներին հասցեագրված երաշխավորությունների ձևով:

Նման մոտեցումը հնարավորություն է տվել ներկայացնելու դե յուրե և դե ֆակտո իրավիճակը և կենտրոնանալու բացասական գործելակերպի հաղթահարմանն ուղղված երաշխավորությունների վրա:

Այլընտրանքային զեկույցի մշակման ընթացքում ուղենիշ ենք ունեցել Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի` Հայաստանի կառավարությանն ուղղված եզրափակիչ դիտողությունները և հանձնարարականները նրա երկրորդ պարբերական զեկույցի կապակցությամբ:

Առավել մանրակրկիտ վերլուծություն է ներկայացված երկու համակարգաստեղծ հիմնախնդիրների առնչությամբ.
• զգային մեխանիզմը` որպես անհրաժեշտ և պարտադիր պայման Կոնվենցիայի իրագործման վերահսկումն իրականացնելու և գենդերային չափումը պետական քաղաքականության մեջ ինտեգրելու համար,
• կանանց քաղաքական մասնակցությունը և քաղաքական որոշումների կայացման մակարդակում կանանց թերի ներկայացվածության խնդիրը, ինչը նվազագույնի է հասցնում կանանց` պետական քաղաքականության վրա ազդելու հնարավորությունները և դրա հետևանքով ամրապնդում է խտրական գործելակերպը հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում:


Զեկույցը պատրաստելիս օգտագործվել են 2002-2007 թթ. ընթացքում Ասոցիացիայի անցկացրած մի շարք հետազոտությունների և սոցիոլոգիական հարցումների նյութերը: Զեկույցի պատրաստման ընթացքում անցկացվել են ֆոկուս խմբեր և հանդիպումներ հասարակական և քաղաքական գործիչների, ՀԿ-ների և քաղաքական կուսակցությունների ակտիվիստների հետ:

Երկրորդ պարբերական զեկույցից հետո ընկած ժամանակահատվածում իրոք Կոնվենցիայի իրականացման միջոցներ են ձեռնարկվել, մասնավորապես` հասարակության մեջ կանանց դերի բարձրացման ուղղությամբ: Խտրական գործելակերպը հաղթահարելու և Հայաստանի վավերացրած միջազգային փաստաթղթերի, հատկապես Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի բովանդակած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 2004 թվականի ապրիլի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. ազգային ծրագիրը», ստեղծվել են հանրապետության վարչապետին կից կանանց խորհուրդ և գենդերային հիմնախնդիրների միջգերատեսչական հանձնաժողով:

Վավերացվել են Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:

Օրենսդիր իշխանության մեջ կանանց ներկայացվածությունը մեծացնելու նպատակով խորհրդարանական ընտրություններում քաղաքական կուսակցությունների առաջադրած թեկնածուների ցուցակներում կանանց համար նվազագույն քվոտան 5 տոկոսից բարձրացել է մինչև 15 տոկոս: 2003 թվականի համեմատությամբ 2007 թվականին կանանց թիվը խորհրդարանում ավելավել է 4,1 տոկոսով: Առաջին անգամ ՀՀ խորհրդարանի փոխնախագահ կին է ընտրվել:

Որոշ չափով կանանց թիվը մեծացել է գործադիր իշխանության քաղաքական որոշումների կայացման մակարդակում: Երկու կին նախարար է նշանակվել, մեկը` մարզպետ, մեկը` փոխմարզպետ:

Այսուհանդերձ, չնայած ձեռնարկված միջոցներին, կառավարման համակարգում` որոշումների ընդունման մակարդակում, գենդերային ներկայացվածությունը մնում է չհավասարակշռված: Դեռևս ցածր է կանանց ներկայացվածությունը խորհրդարանում` 8,6 տոկոս: Խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովներից 7-ում ոչ մի կին չկա:

2002 թվականի համեմատությամբ 2008 թվականին կանանց տեսակարար կշիռը նախարարների և փոխնախարարների մակարդակում 8 տոկոսից նվազել է մինչև 2,4 տոկոս: 65 փոխնախարարների թվում միայն մեկ կին կա, 19 փոխմարզպետներից միայն մեկն է կին: Գենդերայնորեն չհավասարակշռված ներկայացվածության միտումը շարունակվում է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, որտեղ կանայք կազմում են 11 տոկոս:

Մտահոգիչ է այն փաստը, որ տարիներ շարունակ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը, որտեղ կանայք կազմում են աշխատողների ավելի քան 70 տոկոսը, նախարարությունների ղեկավարության կազմում կանայք բացակայում են:

Գենդերային անհավասարակշռությունը պահպանվում է քաղաքապետարանների և համայնքների ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոններում: Ժողովրդավարական վերափոխումների ողջ ընթացքում 48 քաղաքապետների և 51 փոխքաղաքապետների պաշտոններում կին չի եղել: Կանայք կազմում են քաղաքային ավագանիների անդամների 4,3 տոկոսը, իսկ գյուղական համայնքների միայն 2,6 տոկոսն է կին գլխավորում:

Վերջին 10 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետի պաշտոնում կին չի առաջադրվել, մայրաքաղաքի 12 համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոններում նույնպես կին չկա: Կանայք կազմում են Երևանի համայնքների ավագանիների անդամների 4,7 տոկոսը:

Որակավորված կադրային ներուժի պատրաստումն իրականացվում է առանց գենդերային գործոնի հաշվառման և չի համապատասխանում կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացման ժամանակակից պահանջներին: Գենդերային կրթության բացակայությունը կառավարչական կադրերի պատրաստման համակարգում և բոլոր մակարդակների պետական պաշտոնյաների շրջանում կասկածի տակ է դնում նրանց` գենդերային անհավասարակշռությունը հաղթահարելու անհրաժեշտության գիտակցումը:

Դե յուրե ամրագրված սահմանադրական իրավունքները չեն բացառում դե ֆակտո խտրական գործելակերպը, որի հիմքը իրական կյանքում կազմում են.
- քաղաքական պաշտոնների և որոշումների կայացման մակարդակում պետական իշխանության մարմինների անհավասար մատչելիությունը տղամարդկանց և կանանց համար,
- տղամարդկանց և կանանց անհավասար դիրքը տնտեսական ոլորտում,
- հասարակության մեջ և ընտանիքում գենդերային դերերի ավանդական բաշխումը, որը պահպանվում և ամրապնդվում է բոլոր հասարակական ինստիտուտներով:


Գնահատելով գենդերային իրավիճակը Հայաստանում` հարկ է նշել, որ հանրապետության հասարակական և պետական ինստիտուտների գործունեությունը չի կարող գենդերայնորեն զգայուն համարվել և չի բացառում կանանց նկատմամբ խտրական գործելակերպը: Չնայած կանանց բարձր կրթական մակարդակին և քաղաքացիական ներուժին` նրանց դերը խիստ սահմանափակ է քաղաքականության, տնտեսության մեջ և հասարակական կյանքում: Կանանց օտարումը կառավարման համակարգի որոշումների կայացման մակարդակից, ղեկավարման տղամարդկային ոճը հանգեցնում են ժողովրդավարության ճեղքվածքի և հակասում են ներկայացուցչական ժողովրդավարության հիմնական սկզբունքներին:

Երկրի խորհրդարանում` որպես ներկայացուցչական ժողովրդավարության մարմնում և գործադիր իշխանության համակարգի որոշումների կայացման մակարդակում գենդերայնորեն հավասարակշռված ներկայացվածության հաստատման և կանանց քաղաքական ակտիվության բարձրացման նպատակով իրավիճակը փոխելու համար նպատակահարմար ենք համարում, որ կառավարությունը`
- արագացնի Պետական գենդերային քաղաքականության հայեցակարգի ընդունումը,
- նախաձեռնի «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների երաշխիքների մասին» օրինագծի ներկայացումը երկրի խորհրդարանի քննարկմանը,
- քաղաքական կուսակցությունների գործունեության ֆինանսական աջակցությունն իրականացնի գենդերային բաղադրիչի հաշվառմամբ:


Մեր կարծիքով, և կցանկանայինք սա առանձնապես շեշտել, Հայաստանում մինչև այժմ ազգային մեխանիզմ չի ձևավորվել: Ո՛չ կանանց հարցերը համադասող փոխնախարարի պաշտոնը, ո՛չ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրների վարչությունը չեն կարող համարվել այդպիսին, քանի որ չեն համապատասխանում թե՛ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի թիվ 6 Ընդհանուր երաշխավորության մեջ, թե՛ Պեկինի Գործողությունների ծրագրում սահմանված ազգային մեխանիզմի մանդատին և չափանիշներին:

Այս հարցում որոշ թյուրըմբռնում կա, որը ինչ-որ չափով հետևանք է այն իրողության, որ Հայաստանում հստակ չեն տարբերակվում ինստիտուցիոնալ մեխանիզմները և ազգային մեխանիզմը: Այսօր գոյություն ունեցող ինստիտուցիոնալ մեխանիզմները` ո՛չ առանձին վերցրած, ո՛չ էլ որպես համալիր, չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք վերագրվում են ազգային մեխանիզմին, քանզի այդ կառույցներից և ոչ մեկը հակախտրական քաղաքականություն և գենդերային հավասարության քաղաքականություն չի մշակում և չի կիրարկում, չի համակարգում կառավարության մարմինների գործողությունները տվյալ ոլորտում:

Ազգային մեխանիզմի և գործող ինստիտուցիոնալ մեխանիզմների հստակ համակարգման բացակայության պայմաններում հանրապետության պետական մարմինները խտրական դրսևորումների բացահայտման գործելակերպ չեն կիրառում` դրանք ժամանակին չեզոքացնելու նպատակով: Նաև վերահսկողություն չի իրականացվում որոշումների կայացման մակարդակում կանանց ներկայացվածության միտումները բացահայտելու համար:

Ազգային մեխանիզմի բացակայության հետևանքով`
- ձգձգվում է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով և այլ կոնվենցիաներով ու դաշնագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը,
- դժվարանում է գոյություն ունեցող ինստիտուցիոնալ մեխանիզմների գործունեության համակարգումը,
- լիարժեք չի իրականացվում օրենսդրության մեջ և քաղաքական գործելակերպում գենդերային բաղադրիչի ներառման ռազմավարությունը,
- շարունակվում է ըստ սեռի հատկանիշի խտրականությունը ղեկավար մարմիններում և որոշումների կայացման մակարդակում, օրենսդիր և գործադիր իշխանության մեջ կանանց ներկայացվածության հարցում:


Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում երաշխավորել Հայաստանի կառավարությանը ձևավորել միջազգային չափորոշիչներին համապատասխանող արդյունավետ ազգային մեխանիզմ, որը կդառնա գենդերային հավասարության ազգային հայեցակարգի քաղաքականության և ռազմավարության մշակման և իրականացման առանցքային կառույցը:

Կցանկանայինք անդրադառնալ ևս մեկ խնդրի. 2002 թվականին Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն երաշխավորել է քվոտավորման` որպես իշխանության մեջ գենդերային անհավասարակշռության հաղթահարման միջոցի օգտագործումը: Ըստ 2007 թվականի ընտրությունների արդյունքների` թեև ներկայումս գործող 15-տոկոսանոց քվոտան նպաստել է կուսակցական ցուցակներում կանանց թվի ավելացմանը մինչև 22,6 տոկոս` 2003 թվականի 14,2 տոկոսի դիմաց, այդուհանդերձ չի ապահովել կանանց 15-տոկոսանոց ներկայացվածությունը խորհրդարանում:

Խորհրդարանի ներկայիս կազմում 15-տոկոսանոց ներկայացվածություն ապահովել է երեք կուսակցություն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը (ընդ որում վերջինս ապահովել է 42 տոկոս): Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության խմբակցության կազմում 64 պատգամավորներից, որոնք ներկայացնում են ընդհանուր պատգամավորական կազմի կեսը, միայն մեկն է կին:

Մենք խնդրում ենք Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին երաշխավորել Հայաստանի կառավարությանը աջակցել կանանց 23 կազմակերպությունների նախաձեռնությանը և օրենսդրական նախաձեռնության շրջանակներում առաջարկություն ներկայացնել խորհրդարան «ՀՀ ընտրական օրենքսգրքում» 30-տոկոսանոց գենդերային քվոտա նախատեսելու մասին:

Մեր կարծիքով` անհրաժեշտ է նաև երաշխավորել քաղաքական կուսակցություններին ուժեղացնել աշխատանքը կանանց հետ, ավելի ակտիվ առաջադրել նրանց կուսակցության ղեկավար կազմում, ընդլայնել փորձի փոխանակումը այլ երկրների քաղաքական կուսակցությունների հետ, որոնք գենդերային հավասարակշռության հասնելու և դրական գործողությունների մեթոդներ կիրառելու լավ փորձ ունեն:

Մենք իրավացի ենք համարում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի մտահոգությունը մեր երկրում` ընտանիքում և հասարակության մեջ հայրիշխանական հարաբերությունների առկայության կապակցությամբ և նշում ենք, որ հանրապետությունում դեռևս չկան գենդերային կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև հատուկ արշավների անցկացման գործելակերպ: Անհանգստություն է առաջացնում այն հանգամանքը, որ ԶԼՄ-ները, լինելով ժողովրդավարության մշակույթը տարածող, շահագրգռություն չեն դրսևորում գենդերային հավասարության գաղափարի առաջմղման և կանանց նկատմամբ խտրական գործելակերպի հաղթահարման հարցում:

Գենդերային իրավահավասարության հարցերը ներկա դրությամբ մնում են առավելապես կանանց կազմակերպությունների առանձնաշնորհը:

Նախադպրոցական, միջնակարգ և բարձրագույն կրթության համակարգում գենդերային գիտելիքները դանդաղ են ներդրվում, որի հետևանքով երեխաների և ժամանակակից երիտասարդության սոցիալականացման գործընթացն իրականացվում է առանց գենդերային բաղադրիչի:

Գենդերային կրթությունը հիմնականում իրականացվում է հանրապետության հասարակական սեկտորի ջանքերով, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության համակարգում:

Մեր Ասոցիացիայի գենդերային հետազոտությունների կենտրոնը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (Վարշավա) աջակցությամբ իրականացնում է գենդերային կրթության ինստիտուցիոնալացումը երկրի 15 համալսարաններում և 30 հանրակրթական դպրոցներում: Մշակվել են «Պետական քաղաքականության հայեցակարգային հիմունքները գենդերային կրթության բնագավառում», հրատարակվել են ծրագրեր, մեթոդական և ուսումնական ձեռնարկներ:

Դասավանդման փորձը ցույց է տալիս, որ գենդերային գիտելիքներ ստացած ուսանողների մեջ տարեցտարի ձևավորվում են այնպիսի ժողովրդավարական արժեքներ, ինչպիսիք են կանանց քաղաքացիական դիրքորոշման և հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքների հարգումը, նկատվում է գենդերային հավասարության դրական ընկալում, հաղթահարվում են հայրիշխանական կարծրատիպերը:

Մեր երաշխավորություները ՀՀ կառավարությանը.
- ավելի լայնորեն ներդնել գենդերային կրթությունը միջնակարգ դպրոցի համակարգում և համալսարաններում` աճող սերնդի մեջ էգալիտար ժողովրդավարական մշակույթի ձևավորման և գենդերային կարծրատիպային պատկերացումների հաղթահարման նպատակով,
- նպաստել գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը և կանանց հասարակական-քաղաքական ակտիվության քարոզչությանը, ԶԼՄ-ներում գենդերային քաղաքականության ձևավորմանը
:

Այսպիսով, մենք համարում ենք, որ.
- չնայած հանրապետության օրենսդրությունում կանանց բավական լայն իրավունքների ամրագրմանը` իրականում գոյություն ունի խտրականություն, որը հաճախ չի ընկալվում որպես այդպիսին` հասարակության մեջ կնոջ դերի մասին արմատացած կարծրատիպային պատկերացումների պատճառով,
- հանրապետության կառավարությունը դեռևս արդյունավետ միջոցներ չի ձեռնարկում կանանց նկատմամբ խտրականության հաղթահարման ուղղությամբ թե՛ պետական կառավարման ոլորտում` որոշումների կայացման մակարդակում, թե՛ աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում: Հետևանքն այն է, որ կանանց ազդեցությունը հասարակական և տնտեսական գործընթացների, պետական քաղաքականության վրա շարունակում է նվազել:


Հարգելի տիկնայք և պարոնայք, ավարտելով ելույթը, անհրաժեշտ եմ համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած` ՀՀ կառավարության 2008-2012 թթ. ծրագրում որպես գերակայություն ամրագրված է. «Նպատակադրելով հանրային համերաշխության հաստատումը, սոցիալական պետության կերտումը եւ սոցիալական արդարության արմատավորումը` կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու գենդերային հավասարությանը` հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում, տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը»:

Որպես վերը նշված ծրագրի իրականացման գործում կառավարության և ՀԿ-ների սոցիալական գործընկերության դրական փաստ` մենք նշում ենք, որ փորձագիտական խմբերը, որոնց կազմում ընդգրկված են իշխանական կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչներ, արդեն մշակել են «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների երաշխիքների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև «Պետական գենդերային քաղաքականության հայեցակարգը», որոնք արժանացել են միջազգային փորձագետների բարձր գնահատականին: Սա որոշակի վստահություն է ներշնչում, որ մոտ ապագայում երկրում դրական փոփոխություններ կլինեն: