Welcome
Username:

Password:


Remember me

[ ]
[ ]
[ ]
Համազգային աջակություն նորածիններին` «Օրորոց» ծրագիր
Համազգային աջակություն նորածիններին` «Օրորոց» ծրագիրը շարունակվում է


Սկսած 90-ական թվականներից` Հայաստանում երեխաների վիճակը, նրանց կյանքի պայմանները և սնունդը, անհրաժեշտ հագուստով ապահովումը, հատկապես սահմանամերձ տարածաշրջաններում, որոնք տուժել էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով պայմանավորված բախման տարիներին, դարձան հանրապետության ոչ կառավարական շատ կազմակերպությունների հոգածության առարկան:

Գյուղական բնակչությունը, որն ապրում էր ինքնապահովման բնատնտեսությունների պայմաններում, մի կողմից` կանխիկ դրամական միջոցների, մյուս կողմից` երեխաների համար ծառայությունների և ապրանքների բացակայության պատճառով հնարավորություն չուներ ապահովելու վաղ տարիքի երեխաներին առաջին անհրաժեշտության տարրական պարագաներով: Բնափոխանակման պայմաններում, երբ սննդամթերքը փոխանակվում էր արդյունաբերական ապրանքներով, էժան մանկական հագուստը շահավետ ապրանք չէր: Ամենից անապահովը մինչև մեկ տարեկան երեխաների խումբն էր: Երիտասարդ ընտանիքները կարիք ունեին ինչպես նյութական աջակցության, որն ինքնին կարևոր հիմնախնդիր էր, այնպես էլ համազգային հոգածության, որն ապահովում էր հիմնախնդրի բարոյական կողմը:

«Համազգային հոգածություն նորածիններին» նախաձեռնության «Օրորոց» ծրագիրը ծնունդ առավ 2002 թվականի ամռանը: Նույն տարում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց ծրագիրը, ներառելով այն Հիմնադրամի ծրագրերի ցանկում:

«Օրորոց» ծրագրի համար միջոցների հավաքագրման նպատակով բանկում բացվեց հատուկ հաշիվ: Ութ տարիների ընթացքում «Օրորոց» նախաձեռնությունը ղեկավարում է Կանանց խորհուրդը, որի կազմում ընդգրկվել են մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնական, գործարար կանայք, ովքեր իրենց ներդրումն են բերում բարեգործական այս ծրագրին:

Բամբակյա անկողնային պարագաները և սպիտակեղենը, բրդյա և կիսաբրդյա տրիկոտաժե և այլ տեսակի հագուստն արտադրվում են Երևանի «ՏՈՍՊ» ձեռնարկությունում և «Նուբարաշեն» տրիկոտաժի ֆաբրիկայում, որտեղ աշխատում են հիմնականում կանայք: Այդպիսով ծրագիրը որոշ չափով նպաստում է նաև սոցիալական այլ սուր հիմնախնդրի լուծմանը` կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը:

Նորածիններին աջակցության «Օրորոց» ծրագիրն անցած տարիներին իրականացվել է հիմնականում սփյուռքահայերի օգնության շնորհիվ: Մասնավորապես, Բրազիլիայից, Տորոնտոյից /Կանադա/, Նյու-Յորքից /ԱՄՆ/, Կիպրոսից, ինչպես նաև Հայաստանում բնակվող անհատներից և խմբերից ստացած միջոցների հաշվին:

Ծրագրի շրջանակներում օգնություն է տրվել Սյունիքի և Տավուշի մարզերի 1150 ընտանիքների նորածին երեխաներին: Տրամադրվող փաթեթները` 150 ԱՄՆ դոլար արժողությամբ, ներառում են անկողնային պարագաներ, մանկական օճառ, շշիկներ, ծծակներ, մանկական ցանափոշի, հագուստ և կոշիկ չորսամսեկանից մինչև մեկ տարեկան երեխաների համար, ինչպես նաև մանչուկների խնամքի այլ անհրաժեշտ պարագաներ:
Ծրագրում ընդգրկված բոլոր կանայք դրա իրականացմանը մասնակցում են կամավորության սկզբունքով:
Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 2008 թվականին ծրագիրն իրականացվում էր ընդհատումներով:

2009 թվականին Գերմանիայից Վեյդեման ամուսիններից ստացած 5000 եվրո հանգանակությունը հնարավորություն տվեց շարունակել ծրագիրը և աջակցել Տավուշի մարզի 30 ընտանիքներին:

2009 թվականին «Համազգային հոգածություն նորածիններին» նախաձեռնության «Օրորոց» ծրագրին աջակցություն բերեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղը, հատկացնելով Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիային 20000 դոլար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի նորածին երեխաների փաթեթների համար, ինչպես նաև միջոցներ տրամադրելով սոցիալական գովազդի ու տրանսպորտային ծախսերի համար: Իր կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամը □Օրորոց□ ծրագրին հատկացրեց ևս 20000 ԱՄՆ դոլար: Ստացված միջոցները հնարավորություն տվեցին շարունակել ծրագրի իրականացումը Տավուշի մարզում:

2009 թվականի դեկտեմբերի 28-ին և 29-ին, նոր` 2010 թվականի նախօրյակին, Տավուշի մարզի Արծվաբերդ, Չինչին, Վերին Կարմիր աղբյուր, Վարագավան, Ներքին Կարմիր աղբյուր, Նավուր, Նորաշեն, Աչաջուր, Այգեհովիտ, Բազաշեն, Ծաղկավան, Կայան ավան, Այրում, Դեղձավան, Կողբ գյուղերի, Բերդի և Նոյեմբերյանի 38 սոցիալապես անապահով ընտանիքներին տրվեցին մանկական հագուստի փաթեթներ:

«Օրորոց» ծրագրի իրականացումը շարունակվում է: Բոլոր ցանկացողները կարող են բերել իրենց աջակցությունը` հանգանակություն կատարելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Օրորոց» հատուկ հաշվին` HSBS Bank Armenia, Acc.N 001-002195-103 (USD), Acc.N 001-002195-002 (AMD) Hayastan All-Armenian Fund, Ororots Project: